Iravaget_ai — Գաղտնիության քաղաքականություն (տարբերակ 2)
Ուժի մեջ է՝ 25.11.2026։ Այս քաղաքականությունը գործում է Iravaget_ai օգնականի նկատմամբ Telegram-ում (@iravaci_ai) և iravaci.ai կայքի զրուցարանում։ Այն ծանուցում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի իմաստով։
Այս քաղաքականությունը վերաբերում է Iravaci AI օգնականին՝ Telegram-ում և կայքի զրուցարանում։ Կայքի տեղեկատվական էջերը cookie-ներ, վերլուծական կամ հետևող ծրագրեր չեն օգտագործում. զրուցարանն օգտագործում է միայն մուտքի մեկ անհրաժեշտ cookie։ Կայքը սպասարկում է Cloudflare-ը, որը կարող է մշակել տեխնիկական տվյալներ (օրինակ՝ IP հասցե)՝ կայքը ցուցադրելու և պաշտպանելու համար։ Իրավաբանների կոնեկտորն ունի իր առանձին պայմանները։
Փորձնական շրջան. Փորձարկման ընթացքում ձեր հարցերը (նաև թեմայից դուրս հարցերը), օգնականի պատասխանները և տեխնիկական տվյալները պահվում են գաղտնագրված 30 օր՝ ծառայությունը ստուգելու և բարելավելու համար։ Դրանք կարդում է միայն Օպերատորի ծրագրավորողը (այդ թվում՝ Claude արհեստական բանականության գործիքի օգնությամբ)։ Փաստաթղթերը և դրանց բացատրությունները այդ գրառումներում չեն ներառվում, իսկ ձեր սովորական հարցերը և դրանց պատասխանները ներառվում են, այդ թվում՝ երբ վերաբերում են ավելի վաղ ուղարկված փաստաթղթին։ Telegram-ում օգնականը 7 օր հիշում է ձեր վերջին 20 հարցերը և պատասխանների կրճատ տարբերակները՝ լրացուցիչ հարցերի համար (/forget՝ մոռանալ)։ Կայքում զրույցները պահվում են 90 օր, և դրանք կարող եք ջնջել ցանկացած պահի։ Ամբողջը կարող եք ջնջել նաև /delete_my_data հրամանով կամ կայքի «Ջնջել իմ տվյալները» կետով։
1. Տվյալներ մշակողը
«Իրավացի» ՍՊԸ, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նոր Նորք, Նոր Նորքի 7-րդ զանգված, շենք 29, բն. 6։ Կապ՝ [email protected]։
2. Ինչ տվյալներ ենք պահում և ինչու
| Տվյալ | Նպատակ | Պահման ժամկետ |
|---|---|---|
| Հաշիվ. Telegram-ում՝ օգտատիրոջ թվային ID, կայքում՝ Google հաշվի ID և էլ. փոստի հասցե, լեզու, ռեժիմ, կրեդիտների մնացորդ | ձեզ պատասխանելու, կրեդիտներն ու սահմանափակումները կիրառելու համար | մինչև ձեր տվյալների ջնջումը |
| Պայմանների ընդունման տարբերակն ու ժամը | համաձայնությունն ապացուցելու համար | մինչև ձեր տվյալների ջնջումը |
| Կրեդիտների գրառումներ (քանակ, պատճառ, ժամ՝ առանց տեքստի) | կրեդիտների և վեճերի համար | մինչև ձեր տվյալների ջնջումը |
| Օգտագործման հաշվիչներ և ծախսերի տեխնիկական գրառումներ (ժամ, տոկեններ, արժեք, արդյունք՝ առանց տեքստի) | ծառայության և ծախսերի վերահսկման համար | 13 ամիս |
| Վճարման գրառումներ (վճարման ID, գումար, ամսաթիվ) | վճարումների և վեճերի համար | հարկային և հաշվապահական օրենսդրությամբ պահանջվող ժամկետով |
| Telegram. զրույցի հիշողություն (ձեր վերջին հարցերը և պատասխանների կրճատ տարբերակները՝ մինչև 20) | զրույցը շարունակելու համար | 7 օր կամ մինչև /forget |
| Կայք. ձեր զրույցները (հարցեր և պատասխաններ) | պատմությունը ցույց տալու և զրույցը շարունակելու համար | զրույցի վերջին հաղորդագրությունից հետո 90 օր կամ մինչև զրույցը ջնջելը |
| Ձեր ուղարկած փաստաթղթերը և դրանց բացատրությունները | դրանց վերաբերյալ լրացուցիչ հարցերին պատասխանելու համար | կայքում՝ իրենց զրույցի հետ (տե՛ս վերևում), Telegram-ում՝ 7 օր կամ մինչև ավելի նոր փաստաթուղթ ուղարկելը կամ /forget |
| Փորձնական շրջան. ձեր հարցերը, պատասխանները և տեխնիկական տվյալները (փաստաթղթերի դեպքում՝ միայն էջերի քանակն ու տեսակը) | ծառայությունը ստուգելու և բարելավելու համար | 30 օր |
| Կայքի մուտքի նստաշրջան (պատահական ծածկագիր՝ պահվում է միակողմանի հեշի տեսքով) | մուտքը պահպանելու համար | առավելագույնը 30 օր (առանց օգտագործման՝ 7 օր) |
| Տվյալների բազայի գաղտնագրված պահուստային պատճեններ | խափանումից հետո ծառայությունը վերականգնելու համար | 30 օր |
- Տվյալների հետ կատարվող գործողությունները՝ հավաքում, պահպանում, օգտագործում ծառայությունը մատուցելու համար, փոխանցում 3-րդ բաժնում նշված ստացողներին, ջնջում։
- Ձեր անունը, Telegram-ի օգտանունը կամ հեռախոսահամարը չենք պահում։
- Փորձնական շրջանի գրառումներ։ Փորձնական շրջանում հարցերը, պատասխանները և տեխնիկական տվյալները կարդում է Օպերատորի ծրագրավորողը, այդ թվում՝ Anthropic-ի Claude ԱԲ գործիքի օգնությամբ, միայն պատասխանները ստուգելու և բարելավելու նպատակով։ Փաստաթղթերը և դրանց բացատրությունները այդ գրառումներում չեն ներառվում։ Ձեր սովորական հարցերը և դրանց պատասխանները ներառվում են, այդ թվում՝ երբ վերաբերում են ավելի վաղ ուղարկված փաստաթղթին։
- Հիշողություն։ Telegram-ում զրույցի հիշողությունը միացված է Pro ռեժիմում, իսկ փորձնական շրջանում՝ բոլորի համար։ Այլ դեպքերում յուրաքանչյուր հարց դիտարկվում է առանձին, և դրա տեքստը չի պահվում։
- Փաստաթղթերը կարող են պարունակել այլ անձանց անձնական տվյալներ (օրինակ՝ պայմանագրի մյուս կողմի)։ Դրանք մշակում ենք միայն փաստաթուղթը ձեզ բացատրելու համար, պահում ենք գաղտնագրված՝ վերը նշված ժամկետներով, և երբեք չենք օգտագործում այլ նպատակով։
- Ջնջված տվյալները պահուստային պատճեններից անհետանում են դրանց ժամկետը լրանալիս՝ 30 օրվա ընթացքում։
- Պահվող բոլոր հարցերը, պատասխանները, փաստաթղթերը, էլ. փոստի հասցեները և Telegram-ի ID-ները պահվում են գաղտնագրված (փորձնական շրջանում փորձնական գրառումների՝ ծրագրավորողի աշխատանքային պատճենը վերծանված է պահվում առավելագույնը մեկ օր)։ Կայքում պահվում է առավելագույնը 300 զրույց. ավելի հին զրույցները ջնջվում են։
- Ձեր տվյալները չենք օգտագործում ԱԲ մոդելներ ուսուցանելու և գովազդի համար, չենք վաճառում։
3. Ում են փոխանցվում տվյալները
- Anthropic (Anthropic PBC, ԱՄՆ). ձեր հարցի տեքստը, զրույցի հիշողությունը և ձեր ուղարկած փաստաթղթերը փոխանցվում են Anthropic-ի Claude մոդելին՝ պատասխանը պատրաստելու համար։ Anthropic-ը դրանք մշակում է իր տվյալների պահման կանոններով և API-ի միջոցով ստացված տվյալները չի օգտագործում մոդելներ ուսուցանելու համար։ Փորձնական շրջանում փորձնական գրառումները նույնպես կարդացվում են Anthropic-ի Claude գործիքի օգնությամբ։
- Telegram (Telegram Messenger Inc. և դրա կազմակերպությունները). Telegram-ում հաղորդագրությունների և Stars վճարումների համար։ Զրույցի պատմությունը պահվում է ձեր Telegram-ում՝ Telegram-ի պայմաններով։
- Google (Google LLC, ԱՄՆ). կայք մուտք գործելու համար։ Եթե ընտրում եք ֆայլ Google Drive-ից, կայքը ստանում է միայն այդ ֆայլը. ձեր տրամադրած թույլտվությունը (ձեր ընտրած ֆայլերի նկատմամբ) գործում է մինչև այն ձեր Google հաշվում հետ կանչելը։
- Cloudflare (Cloudflare, Inc., ԱՄՆ). սպասարկում է կայքը և ապահովում կապը ծառայության հետ։ Գաղտնագրված կապն ավարտվում է Cloudflare-ում, ուստի տվյալների հոսքն անցնում է դրա միջով։
- Որտեղ են պահվում տվյալները. ծառայությունը և դրա տվյալների բազան գործում են Օպերատորի սեփական համակարգչում՝ Հայաստանում։ Գաղտնագրված պահուստային պատճենները մինչև 30 օր պահվում են Օպերատորի սեփական արտաքին կրիչում՝ Հայաստանում. այլ ընկերություններ դրանք չեն պահում։
- Սա նշանակում է տվյալների փոխանցում Հայաստանից դուրս (ԱՄՆ և այն այլ երկրներ, որտեղ գործում են վերը նշված ստացողները)։ «Ընդունում եմ» սեղմելով՝ դուք համաձայնում եք այդ փոխանցմանը, որն անհրաժեշտ է ծառայությունը մատուցելու համար (ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս)։
- Տվյալներն այլ անձանց փոխանցվում են միայն օրենքով նախատեսված դեպքերում։
4. Թխուկներ (cookies)
Կայքն օգտագործում է մեկ անհրաժեշտ թխուկ՝ միայն զրուցարանի համար. այն պահպանում է ձեր մուտքը (իսկ մուտք գործելու ընթացքում՝ ևս մեկ կարճաժամկետ թխուկ՝ 10 րոպե)։ Գովազդային կամ հետևող թխուկներ չկան։
5. Իրավական հիմքը և համաձայնությունը
- Տվյալները մշակվում են՝ ձեր համաձայնության և Օգտագործման պայմանների (ձեր և Օպերատորի միջև պայմանագրի) հիման վրա (ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ)։
- Համաձայնությունը տալիս եք «Ընդունում եմ» կոճակը սեղմելով։ Մինչև դա օգնականը հարցերի չի պատասխանում։ Համաձայնությունը գործում է մինչև դրա հետկանչը։
- Ձեր ուղարկած փաստաթղթում պարունակվող այլ անձանց տվյալները մշակվում են ձեր հանձնարարությամբ և դրանք տրամադրելու օրինական հիմքի համար ձեր պատասխանատվությամբ (Պայմանների 4-րդ բաժին)՝ միայն փաստաթուղթը ձեզ բացատրելու նպատակով։
- Մինչև 16 տարեկանների համար համաձայնություն տալիս է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
- Համաձայնությունը կարող եք հետ կանչել ցանկացած պահի՝ Telegram-ում /delete_my_data հրամանով, կայքում՝ «Ջնջել իմ տվյալները» կետով։ Դրանից հետո ծառայությունից օգտվել հնարավոր կլինի միայն նոր համաձայնությամբ։
6. Ձեր իրավունքները
- Ստանալ տեղեկություն ձեր մասին պահվող տվյալների վերաբերյալ (գրեք [email protected])։
- Պահանջել ուղղել տվյալները, դադարեցնել դրանց մշակումը կամ ջնջել դրանք.
- Telegram. /forget — ջնջում է զրույցի հիշողությունը և պահված փաստաթղթերը, /delete_my_data — ջնջում է ձեր բոլոր տվյալները, բացառությամբ վճարման գրառումների, որոնք պահպանելը պարտադիր է օրենքով, և ծախսերի տեխնիկական գրառումների, որոնք պահվում են առանց ձեզ հետ որևէ կապի՝ մինչև 13 ամիս,
- կայք. ջնջել մեկ զրույց, «Մոռանալ» (բոլոր զրույցները՝ իրենց փաստաթղթերով) կամ «Ջնջել իմ տվյալները» (ամբողջ հաշիվը՝ նույն բացառություններով)։
- Ջնջումը կատարում ենք անհապաղ, բայց ոչ ուշ, քան հետկանչն ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում ենք ձեզ։
- Անվճար սահմանափակումների չարաշահումը կանխելու համար ջնջումից հետո 30 օր պահում ենք ձեր հաշվի ID-ի գաղտնի բանալիով միակողմանի ծածկագրված (HMAC) տարբերակը և օգտագործման հաշվիչները, որոնցով ձեզ անմիջականորեն նույնականացնել հնարավոր չէ։ Եթե հաշիվն արգելափակվել էր չարաշահման համար, այդ ծածկագրված տարբերակը պահվում է արգելափակումը պահպանելու համար, քանի դեռ արգելափակումը չի հանվել։
- Բողոքարկել տվյալների մշակումը Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում կամ դատարանում։
7. Անվտանգությունը
Պահվող տեքստերը և նույնացուցիչները գաղտնագրված են։ Պահուստային պատճենները նույնպես գաղտնագրված են, և բանալիները երբեք չեն պահվում պահուստային պատճենում։ Էլեկտրոնային համակարգերից տվյալների արտահոսքի դեպքում անհապաղ կհրապարակենք հայտարարություն և կհայտնենք ՀՀ ոստիկանությանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս)։
8. Փոփոխություններ
Քաղաքականության նոր տարբերակի դեպքում օգնականը կխնդրի կրկին ընդունել այն և ցույց կտա, թե ինչ է փոխվել։